Ճապոնիայում ստեղծվել է երկրաշարժերի խթանիչ, որը կարող է հուժկու ստորգետնյա ցնցումներ նմանակել
ԱշխարհՃապոնիայի Shimizu Corp. շինարարական ընկերությունը մշակել է երկրաշարժերի խթանիչ, որը կարող է նմանակել սեյսմոլոգիայի ամբողջ պատմության մեջ գրանցված ամենահուժկու ստորգետնյա ցնցումները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:
Սարքն արտաքինից հիշեցնում է 7x7 չափերով բռնցքամարտի ռինգ, որի մակերևույթը տատանվում է տարբեր ինտենսիվությամբ: Առավելագույն հզրությամբ աշխատելու դեպքում խթանիչը կարող է նմանակել ճապոնական յոթբալանոց սանդղակով 7 բալ ուժգնության երկրաշարժ, ինչը համազոր է 9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներին, որոնք 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցան Ճապոնիայի հյուսիս-արևելքում և հանգեցրեցին բազմաթիվ ավերածությունների և վթարի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, սարքի գլխավոր խնդիրը նախագծվող շենքերի կայունության գնահատումն է: Խթանիչի հարթակում կարելի է կանգնեցնել մինչև 70 տոննա զանգվածով տարբեր կառուցվածքներ: Մասնավորապես, Shimizu Corp.-ում նշել են, որ դրա միջոցով կարելի է ստուգել 150-հարկանի երկնաքերի սեյսմակայունությունը՝ հարթակում կառուցելով դրա ճիշտ պատճենը 1:40 մասշտաբով: Shimizu Corp.-ում նշում են, որ իրենց գյուտը թույլ կտա հաջողությամբ թեստավորել նոր գաղափարները սեյսմակայուն շենքերի կառուցման բնագավառում և արդյունքում կմեծացնի կառույցների անվտանգությունը:
Խթանիչի ստեղծման համար Shimizu Corp.-ը ծախսել է 5,2 միլիարդ իեն (43,6 միլիոն դոլար):