Հալեպի հայաշատ թաղամասերը ցնցվել են ուժգին պայթյունից
ՍփյուռքՀալեպ քաղաքը մարտի 12-ին ցնցվել է ուժգին պայթյունից: Զինված խմբավորումների իրականացրած պայթյունը Հալեպի պատմական բերդի շրջանում գտնվող Աբդ ալ Համիդ ալ Զահրաուի դպրոցի մոտ մարդկային և նյութական ծանր վնասների պատճառ է դարձել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո լուրեր&raqu o; ֆեյսբուքյան էջից: Երկրաշարժի ուժգնությամբ պայթյունը ցնցել է ամբողջ քաղաքն, այդ թվում՝ հայաշատ թաղամասերը:
Զինված խմբավորումների արձակած ականների պայթյուններին հաջորդել են սիրիական բանակի և զինյալների միջև երկար ժամեր տևող բախումները: Սիրիական բանակը կասեցրել է զինված խմբավորումների՝ կառավարամետ շրջաններ ներթափացելու փորձը:
Բախումները ողջ գիշերվա ընթացքում մինչև առավոտ շարունակվել են Համիդիե, Ղասթել Հարամի և այլ շրջաններում, որոնց արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել:
Ավելի վաղ՝ մարտի 9-ին, Հալեպի «Սուեյղավ» շրջանում ուժգին պայթյուն էր որոտացել՝ ցնցելով նաև հայաշատ թաղամասերը:
Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում: