Հայաստանի 32 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին. նախնական արդյունքները` մի քանի համայնքներում
ՔաղաքականԵրեկ Հայաստանի 32 համայնքում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել:
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 59 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 68 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին մասնակցել են համայնքի ղեկավարի 38 և ավագանու անդամի 64 թեկնածու:
2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել էր 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ:
Ըստ նախնական արդյունքների, համայնքի ղեկավարներ են ընտրվել հիմնականում ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք համայնքների գործող ղեկավարներն էին:
Նշենք, որ Արմավիր քաղաքում վերընտրվել է գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով մրցակից չուներ:
Կոտայքի մարզի Բջնի համայնքում, որտեղ թեժ ընտրապայքար էր գրանցված երեք թեկնածուների միջև, 1114 ձայնով ընտրվել է Արմեն Մաթևոսյանը:
Վայոց ձորի Չիվա համայնքում Նաիրի Սարգսյանը, ով մրցակից չուներ, ստացել է 354 ձայն:
Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում Մխթար Դանիելյանը ստացել է 408 ձայն:
Արմավիրի Նալբանդյան համայնքում ընտրվել է Գրիգոր Մկրտչյանը՝ ստանալով 1218 ձայն: