«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հարց օրակարգում չկա». Պորոշենկո
ԱշխարհՈւկրաինական քաղաքականության օրակարգում կանգնած չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` երկուշաբթի օրը գերմանական Bild ամսագրում հրապարակված հարցազրույցում:
«Ես ողջամիտ չեմ համարում այսօր տվյալ հարցի շուրջ բանավիճելը: Այն հիմա օրակարգում կանգնած չէ: Մենք պետք է կենտրոնանանք բարեփոխումների վրա, կատարենք մեր տնային առաջադրանքն այդ ոլորտում», - հայտարարել է Պորոշենկոն, հավելելով, որ դաշինքին անդամակցելու հարցն ուկրաինացիները կլուծեն հանրաքվեի ընթացքում:
Նաև, Ուկրաինայի ղեկավարի խոսքով` եվրոպական 11 պետություններ այսօր Կիևին աջակցում են «ռազմական և տեխնիկական մատակարարումներով»: «Խոսքը ոչ մահաբեր սպառազինության և ռազմատեխնիկական աջակցության մասին է»,-հավելել է նախագահը:
Պորոշենկոն նշել է, որ հանդես է գալիս 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը բոյկոտելու օգտին, որովհետև «քանի դեռ ռուսական զորամասերը գտնվում են Ուկրաինայում, աշխարհի առաջնությունն այդ երկրում անկացնելն աներևակայելի է»: Նա նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դատապարտել է մայիսի 10-ին Ռուսաստան այց պլանավորելու համար: