Վարշավայում Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ մամուլի ասուլիս է կայացել
ՍփյուռքՎարշավայի կաթոլիկ տեղեկատվական գործակալության մամուլի սրահում մարտի 13-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ասուլիսի բանախոսներն են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սենատի պատգամավոր, Լեհաստան-Հայաստան խորհրդարա նական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխտը: Ասուլիսը վարել է կաթոլիկ տեղեկատվական գործակալության պատասխանատու Քրիշտոֆ Թոմաշիկը:
Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խորհրդին և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին: Դեսպանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Լեհաստանին' 2005թ. Սեյմի հատուկ բանաձևով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու կապակցությամբ:
Սենատոր Լուկաշ Աբգարովիչը նույնպես իր ելույթում անդրադարձել է 2005թ. Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ընդունման բանաձևին՝ կարևորելով դրա նշանակությունը պատմական արդարության վերականգնման և այդ հարցում Լեհաստանի մասնակցության առումով:
Լեհաստանի Հանրապետության կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը և Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխտն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին:
Ասուլիսից հետո դեսպան Ղազարյանը հարցազրույցներ է տվել Լեհաստանի Հանրային ռադիոյին և լեհական հեղինակավոր «Ռեչպոսպոլիտա» թերթին: