«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևը բավականին հաջողված է. Սուրեն Մանուկյան
Արտաքին Քաղաքական«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված բանաձևը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի գնահատմամբ, բավականին հաջողված է:
«Նախ այն իր մեջ մի կարևոր ուղերձ է պարունակում՝ տեղափոխելով Հայոց ցեղասպանության հարցը զուտ հայկական ողբերգությունից ավելի մեծ՝ բոլոր ցեղասպանությունների դեմ պայքարի համատեքստ։ Եվ դա արվում է հաստատելով, որ հետագա բոլոր ցեղասպանությունները Հայոց ցեղասպանությունը չդատապարտելու հետևանք են», - նշել է Սուրեն Մանուկյանը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը հավելեց, որ ընդունված բանաձևի մեջ հստակ կոչ կա «ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման» վերաբերյալ։ Վերջինս այն կարևորեց, քանի որ ցեղասպանության պարզ ճանաչումից խնդիրը բարձրանում է պատասխանատվության և ցեղասպանության հետևանքների վերացման մակարդակի։