Ուկրաինայում խաղաղության հաստատումը կնպաստի ԵԱՏՄ-ի հետ կապերի զարգացմանը. Օլանդ
ԱշխարհՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այն կարծիքին է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումը կնպաստի Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է՝ ամփոփելով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ կայացած հանդիպման արդյունքները:
Աթամբաևի և Օլանդի բանակցությունները տեղի են ունեցել մարտի 25-ի ուշ երեկոյան Փարիզում, որտեղ ղրղզական պետության ղեկավարը գտնվում էր մեկօրյա աշխատանքային այցի շրջանակներում:
«Մենք երկար քննարկեցինք Կենտրոնական Ասիայի իրադրությունը, քննարկեցինք նաև Ուկրաինայի դրությունը: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում իրական խաղաղություն հաստատվի, որպեսզի Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև հաստատվեն խորը և կայուն հարաբերություններ, որպեսզի մի ամբողջ շարք հարցերի լուծումը դրական ընթացք ստանա, ես նկատի ունեմ նաև Ուկրաինան»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել է նախագահ Օլանդը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա ընդգծել է, որ Ֆրանսիան «հավաստում է հավատարմությունը Մինսկի համաձայնություններին»: «Մենք ցանկանում ենք, որ բոլոր կողմերն անշեղորեն կատարեն այդ համաձայնությունները, որովհետև ուկրաինական ճգնաժամը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- ասել նա: