Բուենոս Այրեսում 17-ժամանոց դասական համերգով կհիշատակեն Հայոց ցեղասպանության տարելիցը
ԱՐԽԻՎԱրգենտինայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մարտի 28-ին կկայանա 17-ժամյա դասական համերգ, որին կմասնակցեն երկրի պետական և երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբերի ավելի քան 100 երաժիշտներ, երգիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, համերգին կհնչեն Մոցարտի, Վերդիի, Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Սանտիագո Քուտսուրյանը, ով Արգենտինայի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներից է, հայտարարել է, որ երաժշտության միջոցով երաժիշտներն իրենց ցասումը կհայտնեն Ցեղասպանությունների նկատմամբ: «Երաժշտության միջոցով մենք կպահանջեն արդարադատություն, մեր վրդովմունքը կարտահայտենք Հայոց ցեղասպանության հանդեպ և կպահանջենք, որ մարդկության դեմ հանցագործությունները ճանաչվեն ու դատապարտվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ համերգի երկրորդ հատվածում կհնչեն արդեն արգենտինացի երաժիշտների ստեղծագործությունները:
Համերգը կեզրափակվի Շառլ Ազնավուրի գործերով: