Solar Impulse 2 ինքնաթիռը Մյանմայից ուղևորվել է Չինաստան
ԱշխարհSolar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի համար օգտագործում է միայն արեգակնային էներգիան, մարտի 30-ին հաջողությամբ մեկնարկել է Մանդալայ քաղաքից և այս պահին շարժվում է Չինաստանի կենտրոնական մասի Չունցին քաղաքի ուղղությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նախագծի կայքին: Solar Impulse 2 օդանավը 20 ժամ թռիչքի ընթացքում պետք է հաղթահարի շուրջ 1375 կիլոմետր և վայրէջք կատարի Չունցին քաղաքի միջազգային օդանավակայանում, որտեղ կանգ առնելուց հետո այն կուղևորվի Չինաստանի ևս մեկ քաղաք՝ Նանկին:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ՉԺՀ-ից հետո ինքնաթիռը կկտրի-կանցնի Խաղաղ օվկիանոսը՝ Հավայական կղզիներում միջանկյալ վայրէջքով, այնուհետև վայրէջք կկատարի Ֆինիքսում և Նյու Յորքում: Հաղթահարելով Ատլանտյան օվկիանոսը՝ օդանավը կանգ կառնի Հարավային Եվրոպայում կամ Հյուսիսային Աֆրիկայում և կվերադառնա Աբու Դաբի: Շուրջերկրյա ճանապարհորդությունը կտևի հինգ ամիս:
Solar Impulse 2 ինքնաթիռը հասարակայնությանն է ներկայացվել անցյալ տարվա ապրիլին և հաջողությամբ փորձարկվել հունիսին: Դրա թևի բացվածքը կազմում է 72 մետր, քաշը՝ 2,3 տոննա: Ինքնաթիռի միաթևը ծածկված է 17,2 հազար արևամարտկոցներով, որոնք էներգիա են արտադրում թռչող ապարատի էլեկտրաշարժիչների մատակարարման համար:
Ինքնաթիռի առավելագույն արագությունը ժամում 140 կիլոմետր է: