ՌԴ նախագահն ու Պետդումայի պատգամավորները կմասնակցեն Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին. Նարիշկին
ԱՐԽԻՎԱզգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում մարտի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հանդիպումը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և ռուսական պատվիրակության անդամները: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, հույս է հայտնել, որ այս այցը նույնպես կխթանի մեր երկրների միջպետական հարաբերությունները, կնպաստի հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը: Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, մշակութային և հոգևոր մտերմությունը:
Աժ նախագահը կարևորել է Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ այդ ոճրագործությունը պետք է ճանաչվի և դատապարտվի ողջ հանրության կողմից:
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, խոսելով Ռուսաստան-Հայաստան միջպետական հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են բավականին դինամիկ:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը և Պետական դումայի պատգամավորներ: Պետդումայի խոսնակը նշել է, որ առաջիկայում կընդունվի համապատասխան փաստաթուղթ, որը կարտահայտի ռուսական կողմի վերաբերմունքը պատմական այդ իրողության նկատմամբ:
Սերգեյ Նարիշկինը կարևորել է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված միջոցառումների անցկացումը Հայաստանում և բարեկամ հայ ժողովրդի անուրանալի դերն այդ մեծ հաղթանակի գործում: