Արթուր Ջանիբեկյանը կգլխավորի «Գազպրոմ-Մեդիա»-ի ժամանցային հեռուստաալիքների խումբը
Ռուսաստան«Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը ժամանցային հեռուստատեսության խմբի մեջ կներառի ТНТ, ТВ-3, «ПЯТНИЦА!» և 2×2 հեռուստաալիքները: Այս մասին ասվում է հոլդինգի մամուլի ծառայության հաղորդագրությունում' փոխանցում է lenta.ru-ն:
Խումբը կգլխավորի Comedy Club-ի հիմնադիրներից մեկը' Արթուր Ջանիբեկյանը: Հեռուստաալիքների ինտեգրումը, ինչպես ենթադրվում է «Գազպրոմ-Մեդիայում», կբարձրացնի իրենց գործառնական կառավարման արդյունավետությունը:
Արթուր Ջանիբեկյանը «Նոր հայեր» ՈՒՀԱ թիմի հիմնադիրն ու տնօրենն է: 2003 թ. իր թիմակիցների հետ հիմնել է Comedy Club հեռուստաշոուն: 2007-ին ստեղծել է Comedy Club Production-ը: Նա նաև «7 ART» հեռուստաընկերության հիմնադիրն է, որը նկարահանել է «Универ» և «Интерны» հեռուստասերիալները:
2008-ին Ջանիբեկյանը հեռարձակել է շուրջօրյա Comedy TV հումորային հեռուստաալիքը: 2011 թվականին նա վաճառել է Comedy Club Production-ը ТНТ հեռուստաալիքին, սակայն մնացել է այդ ընկերության գործադիր տնօրենը:
«Գազպրոմ-Մեդիան» ռուսական խոշորագույն մեդիահոլդինգն է, որը հիմնվել է 1998 թվականին: Այն, մասնավորապես, ներառում է NTV, TNT և «Ուրբաթ» հեռուստաալիքները, «Էխո Մոսկվի», «Ավտոռադիո», «City-FM» ռադիոկայանները, «Յոթ օր» հրատարակչությունը, Rutube առցանց պորտալը և կինոարտադրությամբ զբաղվող ընկերություններ: