A-320 ինքնաթիռի կործանման վայրում տեսագրություն հայտնաբերելու մասին տեղեկատվությունը կեղծ է. Ժանդարմերիա
ԱշխարհՖրանսիական Ալպերում Germanwings-ի ինքնաթիռի կործանման վայրում տեսագրություն հայտնաբերելու մասին տեղեկատվությունը կեղծ է: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի ժանդարմերիայի փոխգնդապետ Ժան-Մարկ Մենիկինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ վթարի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսների բովանդակությունը դեռևս չի ուսումնասիրվել քննիչների կողմից:
Ըստ նրա՝ բոլոր հայտնաբերված հեռախոսները մոտ ժամանակներս կուղարկվեն Ֆրանսիայի ժանդարմերիայի գիտահետազոտական ինստիտուտ:
Ավելի վաղ, գերմանական Bild պարբերականը և Paris Match ֆրանսիական ամսագիրը հաղորդել են այն մասին, որ որոնողափրկարարական գործողության մասնակիցներից մեկն ավիաաղետի վայրում հայտնաբերել է տեսագրություն, որտեղ արտացոլված են օդանավի անկման վերջին վայրկյանները: