50-ից ավելի մարդ է զոհվել Օխոտի ծովում «Դալնի Վոստոկ» ուռկանանավի խորտակվելու հետևանքով
Արտակարգ ՊատահարՕխոտի ծովում՝ Մագադանից 300 կիլոմետր հեռավորության վրա, ապրիլի լույս 2-ի գիշերը ջրասույզ է եղել «Դալնի Վոստոկ» սառնախցիկավոր ուռկանանավը: Նավում եղել է 132 մարդ: Վերջին տվյալներով՝ զոհվել է ուռկանանավի անձնակազմի 54 անդամ:
Հայտնի է, որ հաջողվել է փրկել 63 մարդու, ևս 15 հոգու ճակատագիրը մնում է անհայտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Այդ շրջանում ջրի ջերմաստիճանը զրո աստիճան է: «Փրկարարական գործողությանը մասնակցող ձկնորսանավերը ջրից դուրս են բերել 54 մարմին, 63 հոգի փրկված է»,- «Ինտերֆաքս»-ին պատմել է «Կամչատկայի Պետրոպավլովսկ ծովային նավահանգստի վարչակազմ» համերկրային պետական հիմնարկության ծովային համակարգման-փրկարարական ենթակենտրոնի պետ Արթուր Ռեցը:
ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Կամչատկայի երկրամասի իշխանություններին, հաղորդել է, որ «Դալնի Վոստոկ» նավում եղել է 54 օտարերկրացի. Բիրմայի 42, Լատվիայի երեք, Ուկրաինայի չորս և Վանուատուի հինգ քաղաքացի:
Ուռկանանվի անձնակազմի մնացած 78 հոգին ռուսաստանցիներ են: «Դալնի Վոստոկ» ուռկանանավը գրանցված է Սախալինի Նևելսկ նավահանգստում:
Հաղորդվում է, որ «Դալնի Վոստոկը» SOS ազդանշան չի տվել:
«Նախնական տվյալներով՝ ուռկանանավը խորտակվել է շատ արագ, անձնակազմը չի հասցրել փրկության խնդրանք հաղորդել»,- «Ինտերֆաքս»-ին պատմել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Աղետի պատճառներն առայժմ հայտնի չեն: Արթուր Ռեցի խոսքով՝ նավը ջրասույզ է եղել մեքենայական բաժանմունք ջրի լցվելու պատճառով:
Արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի վարչությունում կարծում են, որ պատահածի պատճառ կարող էր դառնալ սառցային բարդ իրավիճակը: