Էրդողանը մի քանի ժամով մեկնել է Իրան
ՏարածաշրջանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճատև այցով այսօր տեղական ժամանակով 10:40-ին ժամանել է Իրան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էրդողանը Թեհրան է մեկնել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնական հրավերով: Նրան ուղեկցում են Թուրքիայի արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, մաքսատների և առևտրի, զարգացման, մշակույթի և զբոսաշրջության նախարարները:
Էրդողանը Թեհրանում կմասնակցի թուրք-իրանական Բարձր մակարդակի գործարար համաժողովի երկրորդ հավաքին: Ենթադրվում է, որ Էրդողանը կհանդիպի Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլլահ Սեիդ Ալի Խամանեի և նախագահ Ռուհանիի հետ:
Այցի ընթացքում Թուրքիայի և Իրանի միջև կարծիքներ կփոխանակվեն երկկողմանի հարաբերությունների բոլոր տեսանկյունների և տարածաշրջանային ու միջազգային թեմաների շուրջ:
Էրդողանը Անկարա կվերադառնա այսօր երեկոյան: