Վրաստանի լեռներում գտել են ավստրիացի երկու զբոսաշրջիկի սառած մարմինները
ՎրաստանՎրաստանում ավստրիացի երկու զբոսաշրջիկ է զոհվել Մկինվարցվերի (Կազբեկ) գագաթը բարձրանալիս, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը:
Ըստ վարկածներից մեկի՝ զբոսաշրջիկները լեռներում մոլորվել են և սառել: Ինչպես նշել է հեռուստաընկերությունը, օրվա ընթացքում լեռներում կատարվել են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Մի քանի օր Ավստրիայից ժամանած զբոսաշրջիկները՝ տղամարդ և կին, գտնվել են լեռնային ճամբարում, հաղորդել է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Ապրիլի 15-ին նրանք հեռացել են այնտեղից, և նրանց հետ կապը կտրվել է: Ճամբարում մնացած ալպինիստները նույն օրվա երեկոյան կապվել են Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ և օգնություն խնդրել:
«Ապրիլի 15-ի երեկոյան երկու հոգի չի վերադարձել ճամբար: Եղել է վարկած, որ նրանք մոլորվել են, և նրանց որոնման համար մենք մոբիլիզացրել ենք փրկարարական ստորաբաժանումներ: Երկուսին էլ սառած գտել են 4,9 հազար մետր բարձրության վրա»,- լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Դավիթ Շատրիշվիլին:
Լուսանկարը' РИА Новости