Ուկրաինայում հետաքննում են նախկին պատգամավոր Կալաշնիկովի և լրագրող Բուզինայի սպանությունները
ԱշխարհՌեգիոնների կուսակցությունից նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի և լրագրող Օլես Բուզինայի սպանությունները միատեսակ ձեռագիր ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերասչենկոն հայտարարել է «1+1» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքն ապրիլի 17-ին մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
«Երկուսին էլ սպասել են տան մոտ, երկուսին էլ սպանել են ստուգիչ կրակոցով, նրանցից յուրաքանչյուրի վրա արձակել են հինգական կրակոց»,- ասել է Գերաշչենկոն: Նա նաև հայտնել է, որ հիմնականը մնում է զոհվածների հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված վարկածը:
Դրա հետ մեկտեղ նա վաղաժամ է համարում պնդել, որ երկու հանցագործությունները կատարվել են նույն մարդկանց կողմից: Նախարարի խորհրդականը հնարավոր է համարում, որ հանցագործությունները կոորդինացվել են մեկ կենտրոնից:
Նախկին պատգամավորն ապրիլի 15-ի երեկոյան սպանվել է Կիևի Պոդոլսկի շրջանում իր տան մուտքում: 45-ամյա Օլես Բուզինային երկու անհայտ դիմակավոր անձինք գնդակահարել են ապրիլի 16-ի ցերեկը: Լրագրողի զոհվելու հիմնական վարկած է նշվել նրա մասնագիտական գործունեությունը:
ԱՄՆ-ն դատապարտել է ուկրաինացի լրագրող Օլես Բուզինայի և Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի սպանությունները: Համապատասխան հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Մենք դատապարտում ենք սպանությունները: Սպանվել են ուկրաինացի լրագրող և ընդդիմադիր Ռեգիոնների կուսակցությունից պատգամավոր: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին ու բարեկամներին»,- հայտարարել է նա:
Հարֆի խոսքով՝ Վաշինգտոնը կոչ է անում «ամբողջական, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացնել»: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես պահանջել է անհապաղ հետաքննել այդ սպանությունները:
Լուսանկարը' «Коммерсантъ»