Շրջադարձ Գերմանիայի դիրքորոշման մեջ. Շտայնմայերը դեմ չէ 1915 թ. կատարվածը «ցեղասպանություն» բնորոշելուն
ԱՐԽԻՎԳերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կանգնել է այն պատգամավորների կողքին, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանելուն: Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նա ասել է, որ 1915 թ. կատարվածը «կարելի է ընդհանրացնել ցեղասպանություն հասկացության մեջ»:
«Բռնությունը, վախը, սարսափը, որոնք նշվում են մեր բանաձևում, կարելի է տեղավորել մեկ բառի տակ՝ ցեղասպանություն: Ես կարող եմ այդ պահանջի հիմքերը և առաջին հերթին զգացմունքային կողմը լավ հասկանալ»,- ասել է նա: Շտայնմայերն ավելի լայն ազատություն է տվել պատգամավորների քննարկումներին ու այն քննադատություններին, որոնց համաձայն' սա պետք է դիտարկել որպես ցեղասպանություն:
Շտայնմայերը նաև շեշտել է, որ ինքը չի կարող անտեսել այն, ինչ կարող է պատահել ապրիլի 24-ից հետո: Թերթը միաժամանակ նշել է, որ ըստ իր աղբյուրների' հարցի վերջնական քննարկումները պետք է ընթանան նախագահ Գաուկի մոտ:
Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական միության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յոզեֆ Յունգն էլ հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն' անկախ Անկարայի դիմադրությունից: «Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխանորեն կնշի ցեղասպանության փաստը, որը տեղի է ունեցել Թուրքիայում 100 տարի առաջ»,- ասել է Յունգը:
Նա ընդգծել է, որ «Ցեղասպանություն» եզրույթը պետք է առկա լինի այն բանաձևի տեքստում, որը մոտակա օրերին կընդունի Բունդեսթագը: Միևնույն ժամանակ, Յունգը վստահություն է հայտնել, որ ցեղասպանություն բառն իր ելույթում արտասանելու է Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկը: