Մանկատան երեխաներն այցելել են Ծիծեռնակաբերդ
ՀասարակությունՀՀ նոտարական պալատի նախաձեռնությամբ շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների հետ միասին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվել է ճանաչողական այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:
Մանկատան սաները ծանոթացել են Հուշահամալիրի կառուցման պատմությանը, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհ գնացած 1.500.000 անմեղ զոհերի հիշատակին:
Նոտարների պալատի անդամ Մարինա Մանուկյանը նշել է, որ մանկատան երեխաները, ծերանոցում բնակվող մեծահասակները մշտապես գտնվում են նոտարների ուշադրության կենտրոնում: Սա այն խավն է, որը ավելի քան կարիք ունի ուշադրության, և խնդիր` ինտեգրվելու որպես լիարժեք անդամ հասարակության մեջ:
Նշենք նաև, որ ՀՀ նոտարական պալատի վարչության որոշմամբ մշակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք: ՀՀ նոտարական պալատը ՙՆոտարական պալատը խոցելի խմբերի կողքին`խորագրի ներքո պարբերաբար իրականացնում է բարեգործական միջոցառումներ: