Ռիչարդ Հովհաննիսյանն Օբամայից նախորդներից տարբերվող ապրիլքսանչորսյան ելույթ է սպասում
ԱՐԽԻՎՀայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձն այս տարի նախորդներից շատ տարբեր կլինի: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նման տեսակետ հայտնեց պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չնայած Պետական դեպարտամենտն ու Պենտագոնը ճնշումներ են բանեցնում, սակայն Օբաման վճռականություն կդրսևորի և կարտաբերի «ցեղասպանություն» բառը՝ որակելով 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ հասարակության համար անհասկանալի է, որ արդեն տարիներ շարունակ ապրիլի 24-ին Օբաման «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառում է «Մեծ եղեռն» արտահայտությունը:
«Խնդիրն այն է, որ «Մեծ եղեռն»-ը ամերիկյան հասարակության շրջանում ընկալվում է ոչ թե որպես մեծ ոճրագործություն, այլ' որպես մեծ ողբերգություն, հետևաբար, հայկական կողմը պետք է ջանք գործադրի, որպեսզի ամերիկյան հասարակությունը գիտակցի հարցի լրջությունը»,- նշել է նա:
Պրոֆեսորը նշում է, որ առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածությունն առաջադրող պաշտոնյաներն արդեն որոշակի հանդիպումներ են ունենում համայնքի հետ և հավաստիացնում, որ ընտրվելու պարագայում կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, սակայն թե ինքը, թե համայնքի գերակշիռ մասն արդեն անվստահությամբ է վերաբերում նման հայտարարություններին, քանի որ ԱՄՆ ներկայիս նախագահը նույն խոստումն էր տվել և առայժմ չի կատարել: