Ավստրիան կարևոր ներդրում կատարեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում. ԱԳ նախարար
ՔաղաքականԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը: Նախարարի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը: Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունն առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Ավստրիայի խորհրդարանն իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը:
Այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։