ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցման հարցը կլուծվի հանրաքվեով. Պորոշենկո
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման հարցը կլուծվի համաուկրաինական հանրաքվեի անցկացման ճանապարհով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալը հիմնարար հարց է, ես հանրաքվե կանցկացնեմ, կորոշի ժողովուրդը»,- Պորոշենկոյի խոսքը փոխանցել է iTele ֆրանսիական հեռուստաալիքի Twitter-ը, որին հարցազրույց է տվել պետության ղեկավարը:
Պորոշենկոն ընդգծել է, որ երկրի իշխանությունների համար առաջնայինը Եվրամիությանն Ուկրաինայի միանալն է, և քանի որ Ուկրաինան եվրոպական երկիր է, ապա «Եվրոպան չի կարող ամբողջական լինել առանց Ուկրաինայի»:
Ըստ «Ինտերֆաքսի»՝ նա նաև նշել է, որ Դոնբասում հրադադարի ռեժիմը չի պահպանվում և «շարունակում է արյուն թափվել»:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինան ազատ և անկախ երկիր է և պաշտպանվելու է: «Ղրիմը միշտ էլ կլինի ուկրաինական, այն անբաժանելի է Ուկրաինայից»,- հավելել է Պորոշենկոն:
Ըստ ՏԱՍՍ-ի, երբ հաղորդավարը Պորոշենկոյին հարցրել է, թե արդյոք նա Ռուսաստանի հետ համագործակցությունը «փակ գլուխ» է համարում երկրի պատմության մեջ, նա պատասխանել է. «Հարևաններին չեն ընտրում: Մեզ հարկավոր է սովորել հաշտ ապրել ռուս ժողովրդի հետ, հաշտ ապրել ռուսական պետության հետ»: