Քանի դեռ աշխարհում չեն պակասում բռնությունները, մենք պարտավոր ենք ցեղասպանության թեման հրատապ համարել. Գալուստ Սահակյան
ԱՐԽԻՎՑանկալի կլիներ, որ ցեղասպանություն երևույթն ընդհանրապես գոյություն չունենար, սակայն, ցավոք, դեռ կան պետություններ, որոնց հոգեբանության և գործելակերպի մեջ ատելությունը գերակա է հանդուրժողականության, սպանդը՝ մարդու ապրելու իրավունքի նկատմամբ:
Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Քանի դեռ ժամանակակից աշխարհում չեն պակասում բռնությունն ու ուժի գործադրումը, քանի դեռ ավերվում են ընտանիքներ և օջախներ, մենք ստիպված ենք և պարտավոր ենք ցեղասպանության թեման հրատապ համարել մեր քաղաքական և բարոյական օրակարգը ձևավորելիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Նա ընդգծեց, որ ավելի քան 100 տարի առաջ՝ 19-րդ դարի վերջերից, ատելության և հայատյացության սկզբունքներն իրենց մտքում ունենալով, Օսմանյան իշխանությունները նախաձեռնել են հայերի հայրենազրկման և ունեզրկման մի քաղաքականություն, որի բարձրակետը դարձավ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը: «Այն նպատակային հարված էր իր պատմական բնօրրանում ապրող ժողովրդի արմատներին, որի վերջնակետը պետք է լիներ հայկական հետքն իսպառ ջնջելը ոչ միայն աշխարհագրական, այլև պատմական տարածքից: Սակայն շնորհիվ մեր ուժի, տոկունության, ապրելու կամքի, կարողացանք պահպանել մեր արմատներն ու ոչ միայն չկորցնել մեր հետքը, այլը ամուր կանգնել ոտքի վրա, կանգնել, ապրել, արարել՝ հիշելով, պահանջելով, ժամանակավորապես կորցրած հայրենիքից երբեք չհրաժարվելով»,- ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը նշեց, որ Օսմանյան կայսրության այլատյացությունն այնքան էր մթագնել այդ ժամանակվա իշխանության գիտակցությունը, որ հայատյացությունը վերածվել էր ծավալուն այլատյացության: Նա հիշեցրեց, որ այդ տարիներին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաև հույները, ասորիները և այլ ժողովուրդներ: