Ղրիմցիները կիսում են հայ ժողովրդի ցավն ու վիշտը. Սերգեյ Աքսյոնով
ԲլոգոսֆերաՂրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը Facebook սոցցանցի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
«Ապրիլի 24-ին մենք հիշում ենք պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը: Հարյուր տարի առաջ այդ ողբերգության զոհ է դարձել մոտ մեկուկես միլիոն մարդ»,- գրել է Աքսյոնովը:
Նա հիշեցրել է, որ «դեռ 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ մեծ եվրոպական տերությունները բնորոշել են այդ չարագործության մեղավորների գործողությունները որպես մարդկության դեմ հանցագործություն»:
1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության պետական դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն և ապրիլի 24-ը ճանաչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 2005 թվականին Ղրիմի խորհրդարանը որոշել է այդ օրը համարել Հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի օր: «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու վիշտը: Ղրիմցիները միասնական են քսենոֆոբիայի, խտրականության և բռնության ցանկացած տեսակ չընդունելու հարցում: Ցանկանում եմ Ղրիմի հայ համայնքին խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- գրել է նա: