Գյումրիում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը
Գիտություն և ՄշակույթԳյումրիում արձանների թիվն ավելացավ ևս մեկով: Սայաթ-Նովա փողոցում կանգնեցվել է հայ միջնադարյան քնարերգու Սայաթ-Նովայի արձանը: Ի դեպ, այս փողոցը Սայաթ-նովայի անունով կոչվել է երգչի 250 ամյակին: Արձանը բրոնզաձույլ է: Այն ստեղծվել է Գյումրու քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ, արձանի հեղինակը քանդակագործ Արտուշ Պապոյանն է: Արձանը քանդակելիս հաշվի է առնվել նաև տարածքը. այն պատրաստվել է այն չափերով, որ չխանգարի մեքենաների տեսանելիությանը:
Արձանի ստեղծման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 7 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արձանի հեղինակ քանդակագործ Արտուշ Պապոյանը՝ արձանn ավելի շատ ներկայացնում է պոետ և ոչ գուսան Սայաթ-Նովայի կերպարը, այդ է պատճառը, որ քամանչան կողքին է դրված, իսկ ձեռքին փետուրն ու թուղթն է: «Քանդակը հեշտ տրվեց: Ընդհանուր առմամբ, երբ մի բան հոգով ես անում, ամեն ինչ շատ հարթ է ընթանում»,-նշեց Արտուշ Պապոյանն ավելացնելով, որ քանդակի համար ընդանուր պահանջվել է 2 ամիս ժամանակ:
Արձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային ու քաղաքային կառույցների աշխատակիցները« գյումրեցիներ: Արձանի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետին և քանդակի հեղինակին:
Սայաթ-Նովայի արձանը տեղադրված է Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող «Կըլկլան»-ի տեղում, որը հետագայում, Աբովյան ճեմափողոցի վերանորոգումից հետո, կտեղադրվի այդ փողոցում: