Նեպալում փլատակների տակից ողջ մարդկանց գտնելու հույսը հասել է նվազագույնի
ԱշխարհՆեպալի իշխանություններն սկսել են բացառել ավերիչ երկրաշարժից հետո փլատակների տակ ողջ մարդկանց գտնելու հավանականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lenta.ru գործակալությունը, այս մասին հայտարարություն է արել Նեպալի ներքին գործերի նախարար Լաքշմի Պրասադ Դակալը:
Հիշեցնելով, որ աղետից արդեն անցել է մեկ շաբաթ` նախարարն ընդգծել է. «Մենք փորձում ենք անել հնարավոր ամեն բան, իրականացվում են փրկարարաորոնողական աշխատանքները, սակայն, ես հիմա չեմ կարծում, որ կա փլատակների տակից ողջ մարդ գտնելու հնարավորություն»:
Երկրաշարժի հետևանքով փլատակների տակ մնացած մարդկանց հայտնաբերելու և փրկելու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցում են փրկարար խմբեր աշխարհի ավելի քան 20 երկրից: Սակայն ապրիլի 30-ի երեկոյից ի վեր չի հաջողվել գտնել որևէ կենդանի շունչ:
Նեպալի ներքին գործերի նախարարության տվյալներով` երկրաշարժը խլել է 6621 մարդու կյանք, տուժածների թիվը հասնում է 14 հազար 23-ի: Ավելի քան հարյուր մարդ է զոհվել հարևան Հնդկաստանում և Չինաստանում: Անհայտ կորածների շարքում Եվրամիության շուրջ հազար քաղաքացի կա:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Դրան հաջորդել են հարյուրից ավելի հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին: Տեղի բնակիչները պատահածն արդեն համարել են ամենաավերիչ երկրաշարժը 1934 թվականից ի վեր, երբ զոհվել էր 8,5 հազար մարդ: