ԵԱՀԿ-ի նախագահը դատապարտել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումները
ԱշխարհԵԱՀԿ-ի նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը դատապարտել է վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայի արեւելքում շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները եւ կոչ է արել ուժեղացնել հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությանը:
Դաչիչը, մասնավորապես, լուրջ անհանգստություն է հայտնել «արգելված ծանր սպառազինության օգտագործման, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Շիրոկինոյի շրջանում մարտերի ինտենսիվության, մեծանալու» կապակցությամբ, ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ԵԱՀԿ-ի նախագահը պահանջել է, որ հակամարտության բոլոր կողմերն անվերապահորեն պահպանեն հրադադարի ռեժիմը, դադարեցնեն ռազմական բոլոր գործողությունները եւ իրագործեն Մինսկի համաձայնագրի բոլոր դրույթները, ներառյալ ծանր սպառազինության հետքաշումը:
«Ներկայում դրանք անհրաժեշտ պայմաններ են, որպեսզի կարգավորման քաղաքական գործընթացը թափ առնի, եւ ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ այդ ուղղությամբ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը»,- Դաչիչի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը: