ԱՄՆ-ում ծաղրանկարների ցուցահանդեսին հրաձգության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը
Աշխարհ«Իսլամական պետություն» արմատական խմբավորումն ստանձնել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Գարլենդ քաղաքում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ իրականացված հրաձգության պատասխանատվությունը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Երկու մարդ կրակ է բացել կայանատեղիում՝ կենտրոնի մոտ, որտեղ ընթացել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսը։ Արդյունքում վիրավորվել է անվտանգության աշխատակիցը: Ցուցահանդեսի մասնակիցները տարհանվել են:
Հարձակվողների անունները դեռ չեն հրապարակվել, սակայն ինչպես հայտնում է գործակալությունը՝ հղում անելով SITE կազմակերպությանը, որը համացանցում ծայրահեղականների ակտիվության մոնիթորինգ է իրականացնում, ԻՊ-ի գրոհայինները հայտարարել են կատարվածին իրենց մասնակցության մասին: Կազմակերպության տեղեկությամբ՝ ծայրահեղականներից մեկը Twitter-ում հայտնել է, որ հրաձգությունն իրականացրել է արմատական խմբավորման երկու կողմնակից:
Ոստիկանության ներկայացուցիչ Ջո Հարնի տեղեկությամբ՝ միջոցառմանը, որի ընթացքում իրականացվել է հրաձգությունը, ներկա է եղել մոտ 200 մարդ: Իրավապահ մարմինները ստուգում են՝ կրակողների ավտոմեքենայում պայթուցիկ նյութեր եղե՞լ են, թե՞ ոչ: