Նախնական տվյալներով` ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում հաղթել է 5 կուսակցություն
ՔաղաքականՆախնական տվյալներով' մայիսի 3-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով հինգ տոկոսի շեմը հաղթահարել է առաջադրված 7 կուսակցություններից 5-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից, ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի փոխանցմամբ, առավելագույն ձայն ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ներկայիս իշխող կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35 տոկոսը: Ազգային ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 տոկոսը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը երրորդն է: Դաշնակցության օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 տոկոսը: «Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 տոկոս, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 տոկոս:
Երկու կուսակցություն' ԼՂՀ կումունիստական կուսակցությունն ու «Խաղաղություն և զարգացումը» չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Կոմունիստները ստացել են 1136 ձայն կամ 1,65 տոկոս, իսկ «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը' 591 ձայն կամ 0,86 տոկոս: