Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է նախաձեռնել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու պահանջով
ԻրավունքՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք է նախաձեռնել գործարար, նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի դեմ ընտրված խափանման միջոցը փոխելու պահանջով: «Նախկին պատգամավորին, հանրության մեջ բավականին լուրջ հեղինակություն ունեցող 73-ամյա կնոջը տանում են նախնական պահման մեկուսարան, ու իրավապահ համակարգը որևէ պարզաբանմամբ հանդես չի գալ իս: Ես հարցի իրավական կողմը թողնում եմ մի կողմ ու հանդես եմ գալիս որպես պատգամավոր Գոհար Ենոքյանի առողջական վիճակի մասին: Ես և իմ գործընկերները ստորագրահավաք ենք կազմակերպում' դիմելու պատկան իրավապահ մարմնին` խափանման միջոցը փոխելու համար, քանի որ տիկին Ենոքյանի առողջական վիճակն այնպիսին է, որ րոպե առաջ նրա խափանման միջոցը պետք է փոխվի: Մենք երաշխավորում ենք, որ, լինելով ազատության մեջ, խիստ վատառողջ տիկին Ենոքյանը չի վտանգի Հայաստանի դատարական համակարգի գործունեությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ մեկուսարանում հանդիպել է Գոհար Ենոքյանի հետ, ով չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: