Բովանդակությամբ վատը չէ, բայց սխալ է ներկայացվել ու ընկալվել. Արմեն Ռուստամյանը` աղմկահարույց օրենքի մասին
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն իր բովանդակությամբ վատը չէ, բայց սխալ է ներկայացվել ու ընկալվել: «Եթե խորը ուսումնասիրեն օրենքը, կտեսնեն, որ այն նպաստավոր պայմաններ է ստեղծում կազմակերպված ու վերահսկելի աշխատուժի արտահանման համար: Մեր շինարարաները, որոնք կաշխատեն այլ երկրներում, հարկ կվճարեն Հայաստանում, այլ ոչ թե այն երկրներում, որտեղ աշխատում են: Բնականաբար, որոշակի արտոնություններ են նախատեսված այդպիսի շինարարանական ընկերությունների համար եկամտահարկի մասով, կարծում եմ' ընդհակառակը ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում, որ չկարգավորված դաշտը դառնա շատ վերահսկելի»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանի խոսքով' այս օրենքի ընդունմամբ հետագայում կարելի է կարգավորում սահմանել այլ երկրում աշխատող հայերի առողջապահական խնդիրների առումով:
Պատգամավորը նշեց, որ օրինագծին իրենք ձեռնպահ են քվեարկել ոչ թե դեմ լինելու համար, այլ` այսպիսի օրենքները չպետք է անցկացվեն շտապողականության մթնոլորտում: «Քանի որ այն հասարակական հնչեղություն ունեցող հարց է, պետք է նախապես քննարկվի»,- նշեց Արմեն Ռուստամյանը: