Օբաման մտադրվել է Կուբա այցելել մինչև իր նախագահական ժամկետի ավարտվելը
ԱդրբեջանԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս ունի Կուբա այցելել նախքան 2017 թվականի հունվարին պետության ղեկավարի պաշտոնից հեռանալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել է մայիսի 21-ին կայացած բրիֆինգում, որին երկար տարիներ ի վեր առաջին անգամ ներկա են եղել կուբացի լրագրողներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին:
«ԱՄՆ-ի նախագահը հուսով է, որ շուտով կկարողանա այցելել Կուբա, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Հավանա»,- հայտարարել է Էռնեստը: Դրա հետ մեկտեղ նա հավաստել է, որ Օբաման շարունակում է պաշտպանել երկու երկրների միջևշփումների ընդլայնման գաղափարը: Դա, մասնավորապես, վերաբերում է ԱՄՆ-ում և Կուբայում դեսպանությունների բացմանը:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը հանդես է գալիս կղզու տարածքում իր դիվանագիտական աշխատակիցների ազատ տեղաշարժման, ինչպես նաև այն կուբացիների հետ շփվելու օգտին, ովքեր ապրում են Հավանայի սահմաններից դուրս: Այս հարցն առայժմ փորձաքար է հարաբերությունների նորմալացման հարցում, նշել է Էռնեստը՝ հավելելով, որ ԱՄՆ-ին մտահոգում է նաև այն, որ Կուբայի կառավարությունը չի հարգում մարդու հիմնական իրավունքները:
2014 թվականի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ը և Կուբան մի քանի տասնամյակ շարունակվող առճակատումից հետո առաջին անգամ հայտարարել են հարաբերությունների վերականգնման մտադրության մասին: Այն բանից հետո, երբ 1959 թվականին Կուբայում տեղի ունեցավ հեղափոխություն, և իշխանության եկան ապստամբները՝ Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ, 1960 թվականին ԱՄՆ-ը առևտրական բռնարգելք սահմանեց Կուբայի նկատմամբ, իսկ 1961 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները: