Արամ Ա-ն Պիտսբուրգում այցելել է Հայ երիտասարդական միության բնակավայր
ՍփյուռքՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 24-ին Պիտսբուրգում այցելել է Հայ երիտասարդական միության բանակավայրը: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Վեհափառ Հայրապետին ուղեկցել են ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ Վրդ. Մարտիրոսյանը և այլք:
Նորին Սրբությունն, ընդառաջելով կազմակերպիչների հրավերին, երկու ժամ անցկացրել է 250 պատանու և երիտասարդի հետ:
Վեհափառ Հայրապետն օրհնել է եռագույն դրոշն, ապա հանդիպել երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մեր եկեղեցու, գաղութների, ազգի և հայրենիքի վերաբերյալ զանազան հարցադրումներ են ուղղել Վեհափառին, ով մանրամասն պատասխանել է բոլոր հարցերին: Վերջում Վեհափառ Հայրապետն օրհնել է նրանց:
Նորին Սրբության այցելությունը մեծ խանդավառություն է առաջացրել երիտասարդների շրջանում:
Հայ երիտասարդական միությունն ամեն տարի գարնանը եռօրյա դաստիարակչական բանակում է կազմակերպում: