Սիրիական բանակն ավելի քան 140 ահաբեկիչների է ոչնչացրել Ռակկայի շրջանում
ԱշխարհՍիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ջաբալ աշ Շայիր լեռան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող կետի վրա, որը գտնվում է Թադմուրի մերձակայքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ընթացքում «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, սիրիական օդուժը և բանակը հարվածներ են հասցրել ԻՊ-ի թաքստոցներին Ռակկայի շրջանում գտնվող Տաբկա օդանավակայանի մերձակայքում: Արդյունքում ավելի քան 140 ահաբեկիչ են սպանվել և վիրավորվել: Ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող մեծ քանակությամբ զենքերը, զինամթերքը:
Ակտիվիստների տեղեկացմամբ, սիրիական բանակի և զինյալների միջև թեժ մարտեր են ընթացել Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում: Բացի այդ, սիրիական բանակը ռմբակոծել է Դարաայի շրջանի Անխել քաղաքի շրջակայքում և Բասր ալ Հարիրի գյուղաքաղաքի մոտ ահաբեկիչների դիրքերը:
Միջազգային դաշինքի օդանավերը յոթ հարված են հասցրել Ռակկա քաղաքի, ինչպես նաև Հասաքեի շրջանում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: