Մոսկվայի Մեծ թատրոնում հանձնել են «բալետային Օսկարը»
Գիտություն և ՄշակույթՄեծ թատրոնում հանձնել են «բալետային Օսկարը»՝ Benois de la Danse միջազգային մրցանակը: Թվով 23-րդ արարողությունը կայացել է պատմական բեմում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Լավագույն պարուհի է ճանաչվել Մեծ թատրոնի պրիմա Սվետլանա Զախարովան՝ «Կամելիազարդ տիկինը» և «Լեգենդ սիրո մասին» բալետներում գլխավոր պարտիաների կատարման համար: Զախարովան մրցանակի է արժանացել արդեն երկրորդ անգամ: Պարուհին անձամբ է ստացել պարգևը:
Լավագույն խորեոգրաֆ է ճանաչվել Քրիստոֆեր Ուիլդոնը, որը պարգևին արժանացել է Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի «Ձմեռային հեքիաթի» բեմադրման համար: Այս ներկայացումը հաղթանակ է բերել նաև պարող Էդուարդ Ուոթսոնին և կոմպոզիտոր Ջոբի Թելբոտին:
Ժյուրիի կազմում եղել են Ռոլան Պետիի ժառանգության մասնագետ, բալետմայստեր և մանկավարժ Լուիջի Բոնինոն, Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետի արտ-տնօրեն Քևին Օ’Հեյրը, Նորվեգիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Ինգրիդ Լորենտցենը, Նյու Յորքի Complexions բալետային խմբի հիմնադիր և ղեկավար Դեսմոնդ Ռիչարդսոնը և ռուսական բալետային դպրոցի երկու ներկայացուցիչներ՝ Մեծ թատրոնի բալետմայստեր-պարուսույց Ալեքսանդր Վետրովը և Վլադիմիր Մալախովը, որն աշխատում է Գերմանիայում:
Benois de la Danse մրցանակը Յուրի Գրիգորովիչի գլխավորած Խորեոգրաֆիայի գործիչների միջազգային միության կողմից սահմանվել է 1991 թվականին: