Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ
ՔաղաքականՀամահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ, ովքեր կամավորական սկզբունքով կաշխատեն համահայկական խաղերի ընթացքում:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, որը կորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքները: Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը գնահատելի և շնորհակալ գործ է: Զաքարյանն ասաց, որ կամավորները խաղերի մասնակիցներին կդիմավորեն սահմանների մոտ և օդանավակայանում ու խաղերի ողջ ընթացքում կլինեն նրանց հետ: Օդանավակայանում կգործի «կանաչ գոտի» անցման ուղին, ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում: Կամավորները կաշխատեն նաև խաղերի բացման ժամանակ: Նրանք մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով կառաջնորդեն շքերթին մասնակցող քաղաքների պատվիրակություններին:
Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են համագործակցում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ համահայկական խաղերը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության լավագուն դրսևորումներից են, և միմյանց ճանաչելու ու նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին՝ ֆուտբոլ, մինիֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ,սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: