Հալեպահայերը չեն ցանկանում տեղահանվել
ՍփյուռքՀալեպի հայ համայնքը գրեթե կազմաքանդված վիճակում է, սակայն այնտեղ ապրող փոքրաթիվ հայերը չեն ցանկանում լքել իրենց տունն ու տեղահանվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանի տվյալներով, այս պահին Հալեպում 15.000 հայ է բնակվում: Նրանք ստիպված են մնալ Հալեպում, որովհետև Հալեպից հեռանալու հնարավորություններ չունեն: «Հալեպահայերը դեմ են տեղահանությանը: Չենք ուզում տեղահանվել, չենք ուզում թուրքական քաղաքականությանը հետևել: Տեղահանումը թուրքական քաղաքականության արդյունքն է, երկրորդ, երրորդ անգամ չենք ուզում տեղահանվել»,- ասաց նա:
Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրեն Անի Մելքոնյան-Բոյաջյանն էլ շեշտում է, որ վերջին չորս տարում Հալեպն ամենաշատ վնասված գաղութն է, և դպրոցներից շատերը փակվել են աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման հետևանքով: «Մեր ճեմարանն անընդհատ ռմբակոծվում էր, և վախեցանք, վարժարանից դուրս եկանք ու դասերը շարունակեցինք ավելի ապահով վայրում՝ մեր ակումբում: Էլեկտրական հոսանք չունենք, մոմերի տակ ենք դաս անում, ջերմության միջոցներ չունենք: Հալեպում մնացած ընտանիքները շատ վատ վիճակում են, ինչ ունեին՝ վաճառել են ու քնում-արթնանում են ռմբակոծության տակ, իսկ ռմբակոծումները ավելի են շատացել: Շատերը չեն կարողանում գնալ, որովհետև միջոց չունեն: Այլևս անհնար է դիմանալ, վախի ու սարսափի մեջ ենք ապրում»,- ասաց նա:
Նրա խոսքով, չնայած Հալեպի վրա հարձակումներին, որոշ դպրոցներ շարունակում են աշխատանքը. երբ սկսում է ռմբակոծումը, աշակերտներին իջեցնում են մառան, հետո զանգում ընտանիքներին, որ գան տանեն: