Արթուր Գեւորգյանը քննադատել է Բաքվում Հայաստանի պատվիրակությանը. «Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում»
ԲլոգոսֆերաՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարի մրցավարական սխալներին և քննադատել Հայաստանի պատվիրակությանը:
«Բաքուն, ինչպես միշտ, չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։ Այսօր էլ Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում, պարտություն է կրում, այն էլ՝ 3:0 հաշվով։ Բաքուն, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը, երկրպագում է մեր հակառակորդին այնպես, ինչպես իրենց մարզիկներին։ Սամվել Բարսեղյանից հետո ռինգ է դուրս եկել Նարեկ Աբգարյանը։ Նարեկն ունեցել է բացարձակ առավելություն, սակայն մրցավարները երկու ռաունդներում միավորները տվել են հունգարացուն։ Նարեկը երրորդ ռաունդն այնպես է անցկացրել, որ մրցավարներին այլեւս անելու բան չի մնացել եւ նրանք հաղթանակը շնորհել են Նարեկին։ Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։
Այս ճնշող մթնոլորտում թերեւս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։ Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։ Նրանք հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ»։