«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Թունիսի ահաբեկչության պատասխանատվությունը
Աշխարհ«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը ստանձնել է Թունիսում հրաձգության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ, ևս մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
«Մեր եղբայրը՝ խալիֆայության զինվոր Աբու Ալ-Իյա Քայրունին հասել է իր նպատակին «Իմպերիալ» հյուրանոցում, չնայած անվտանգության միջոցառումներին»,- ասված է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրության մեջ:
Բացի այդ, այնտեղ նշվում է, որ տղամարդը «հարձակվել է բորդելի վրա և սպանել 40 անհավատի»:
Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել հունիսի 26-ին Թունիսի Սուս քաղաքում: Կալաշնիկովի ինքնաձիգով զինված տղամարդը եկել է El Mouradi Palm Marina հյուրանոցի լողափ և կրակ բացել հանգստացողների վրա: Ահաբեկիչը գրեթե անմիջապես սպանվել է ոստիկանության կողմից:
Ավելի վաղ ԻՊ խմբավորումը ստանձնել է նաև Քուվեյթում իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը: Շիական մզկիթում պայթյունի հետևանքով 27 մարդ զոհվել է, ևս 227-ը՝ վիրավորվել: