Սպիտակ տունը հերքել է լուրերը, թե Օբաման նամակ է հղել Իրանի իշխանություններին
ԱշխարհՍպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ վաղ անցյալում նամակ է հղել Իրանի ղեկավարությանը. «Այդ հաղորդումները ճիշտ չեն»: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Օբաման նամակ է հղել Իրանի իշխանություններին` կապված իրանական միջուկային ծրագրի հետ: Bloomberg գործակալության պնդմամբ` նամակի հասցեատերը Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին է: Ներկայումս Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում տարվող բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Էռնեստը կարծում է, որ բանակցությունները կշարունակվեն նաև վերջնաժամկետից (հունիսի 30) հետո, ինչը ո՛չ զարմանալի է, ո՛չ էլ հազվադեպ: