Sotheby's-ի աճուրդում 32,6 մլն դոլարով վաճառվել է Ուորհոլի «Մեկ դոլար» նկարը
Գիտություն և ՄշակույթԷնդի Ուորհոլի «Մեկ դոլար (արծաթե հավաստագիր)» նկարը հուլիսի 1-ին 20,9 միլիոն ֆունտ ստեռլինգով (32,6 միլիոն դոլարով) վաճառվել է աճուրդով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին: Ստեղծագործությունը դրվել էր Sotheby's-ի երեկոյան աճուրդում:
Ուորհոլի գործը, որը նա նկարել է 1962 թվականին, դարձել է թոփ լոտը՝ գերազանցելով 28 միլիոն դոլար նախնական գնահատումը:
1960-ական թվականների սկզբին Ուորհոլն ստեղծել է դոլարի պատկերմամբ ստեղծագործությունների շարք: «Մեկ դոլար (արծաթե հավաստագիր)» կտավն այն տասը լոտերից մեկն էր, որոնք միավորված են ամերիկյան արժույթի թեմայով: Դրանցից ութը վաճառվել է 53,6 միլիոն դոլար ընդհանուր գումարով:
Աճուրդում նաև վաճառվել են անգլիացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի՝ 1975 և 1980 թվականների երկու ինքնանկարները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է շուրջ 23 միլիոն դոլար:
Եվս մեկ արժեքավոր լոտ է դարձել բրիտանացի նկարիչ Լյուսիեն Ֆրոյդի «Չորս ձու ափեում» գործը, որը նա նկարել է 2002 թվականին: Այն գնել են 1.5 միլիոնով: