Բաթումում նոր երկաթուղային կայարան է բացվել
ՎրաստանՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաթում քաղաքում նոր երկաթուղային կայարան է բացել: Այսուհետ Բաթում մեկնող ուղևորները գնացքով կարող են իջնել հենց քաղաքում: Նախկինում կայարանը Բաթում քաղաքի արվարձանում` Մախինջաուրիում էր: Այնտեղից ուղևորները քաղաք էին հասնում այլ տրանսպորտով, տեղեկացնում է Новости-Грузия-ն:
«Երկաթուղին վերադառնում է Բաթում: Դա շատ կարևոր է այցելուների, հանգստացողների և բնակիչների համար: Այս շինության բացումից հետո հանգստացողները հնարավորություն կունենան ժամանել անմիջապես Բաթում: Կարևորը` գինը կմնա նույնը, ոչինչ չի փոխվի: Սա կարևոր ներդրում է Բաթումի, Աջարիայի համար»,- ասել է վարչապետը:
Ղարիբաշվիլին նշել է, որ Բաթումում զարգացումը կշարունակվի, և կառավարությունն ու մասնավոր հատվածը կիրականացնեն շատ կարևոր համատեղ նախագծեր: