Հայաստանը ԵԱՀԿ-ում վերահաստատել է աջակցությունը Մինսկի խմբի կառուցողական միջնորդությանը
ԱՐԽԻՎՀելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում տեղի ունեցավ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Հուլիսի 10-ին կայացած միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Իր ելույթում նախարարի տեղակալը կարևորեց կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:
Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ դրանք հավասար են, և դրանց միջև որևէ հակասություն չկա: Նա մտահոգություն հայտնեց ԵԱՀԿ որոշ մասնակից պետությունների փորձերի առնչությամբ՝ մոռացության մատնել ազգերի հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքը: Ընդգծվեց, որ միակողմանի պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ ցամաքային շրջափակումը, բացասաբար է ներգործում հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա:
Հայկական կողմն անհրաժեշտ համարեց հակամարտությունների գոտիների բնակչության և նրանց ընտրյալ ներկայացուցիչների ներգրավումը հակամարտությունների կարգավորման բանակցային գործընթացում, ինչը կարժևորի ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների հանգուցալուծման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում:
Իր ելույթում նախարարի տեղակալ Հովակիմյանը կարևորեց ԵԱՀԿ և դրա համաձայնեցված միջնորդական ձևաչափերի գործունեության ակտիվացումը վստահության ամրապնդման, հանրությունների միջև շփումների և հաշտեցման գործընթացներում: Նա վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական միջնորդությանը և տարածաշրջանում խաղաղությանը:
Միջոցառման շրջանակներում Աշոտ Հովակիմյանը նաև երկկողմ հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միքայել Գեորգ Լինկի, Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Բենեդետո Դելլա Վեդովայի և ԵԱՀԿ գերմանական նախագահության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերի հետ: