Ադրբեջանի տարածքով 40 մլն եվրոյի հերոին է տարվել Ռումինիա
ԱշխարհԱդրբեջանը դարձյալ մասնակից է դարձել հերոինի խոշոր խմբաքանակի տարանցման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, Ռումինիայի կազմակերպված հանցագործությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը (DIICOT) եւ ռումինական ոստիկանությունը հայտնել են, որ երկրի տարածքում ձերբակալել են 333 կգ հերոինով երկու բեռնատար, որոնք Ուկրաինայով ուղեւորվում էին արե ւմտյան Եվրոպա:
DIICOT-ի գլխավոր դատախազ Կոնստանտին Խորոդնիչանուն հայտարարել է, որ առգրավված հերոինը 1990 թվականից այս կողմ Ռումինիայում հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է, որի շուկայական մոտավոր արժեքը կազմում է 40 մլն եվրո:
Հուլիսի 29-ին հերոինը հայտնաբերվել է բեռնատարներում, որոնցից մեկն ուղեւորվում էր Հունգարիա, իսկ մյուսը' ռումինական Բըստրիցը քաղաք: Թմրանյութը քողարկված են եղել պղպեղով, որպեսզի այն չհայտնաբերեն շները:
Մաքսանենգության գործով բերման են ենթարկվել Թուրքիայի եւ Ռումինիայի երկուական քաղաքացիներ: Ռումինիայի ոստիկանապետ Կլաուդիու Կուկուի խոսքով' նրանց հետեւել են 2011 թվականից սկսած:
Ամենայն հավանականությամբ, հերոինն արտադրվել է Աֆղանստանում:
Ռումինիայի ոստիկանապետը ԶԼՄ-ներին հայտնել է, որ թմրանյութը փոխադրվել է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի տարածքներով:
2014 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանից Վրաստան մուտք գործած բեռնատարում հայտնաբերվել է 600 կգ հեղուկ հերոին, մորֆին եւ կոդեին, որոնք լվացող միջոցների անվան տակ լցված են եղել տարաների մեջ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցների համաձայն' Ադրբեջանը այն երկրներից է, որոնց տարածքով աֆղանական թմրանյութերը տարանցվում են Եվրոպա: Նման տարանցման ամենամյա ծավալները գնահատվում են տասնյակ տոննաներ: