Կարեն Անդրեասյանը մտահոգիչ է համարում պետական պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկության տրամադրումը
ՀայաստանՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Սյունիքի «Սդղլի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործին միջամտելու իրավունք չունի և այդ գործընթացին հետևում է որպես քաղաքացի:
Լրագրողների դիտարկմանը, որ մարզպետը ստում էր, երբ ասում էր, թե որդին գտնվել է Երևանում և ներկա չի եղել միջադեպին՝ օմբուդսմենը նշեց. «Շատ մտահոգիչ է, եթե որևէ պետական պաշտոնյա կեղծ տեղեկատվություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը: Հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի վիճակի, որ կհասկանանք, թե ի սկզբանե ինչ էր նկատի ունեցել մարզպետը' ասելով, որ իր տղան կապ չունի»:
Միաժամանակ, Կարեն Անդրեասյանը նկատեց, որ դեռևս չի պարզվել՝ Տիգրան Խաչատրյանը մեղք ունի տեղի ունեցածում, թե ոչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց սպասել դատական գործընթացի ավարտին: