Թուրքիայում քրդական կուսակցության հայ համանախագահը մահվան սպառնալիքներ է ստանում
ԹուրքիաԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Շիռնաքի բաժանմունքի ծագումով հայ համանախագահ Ասմին Քիրաչի հասցեին Facebook սոցցանցում մահվան սպառնալիքներ են տեղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Evrensel թերթը հայտնում է, որ հուլիսի 25-26-ին Քիրաչին' «Հա’յ, մեռնելու ես» սպառնալիք է ուղղվել:
Մի քանի թուրք ազգայնական օգտատերեր Քիրաչին համարել են Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ եւ սպառնացել ու հայհոյանքներ տեղացել:
«Հա’յ, մեռնելու ես: Բոլորդ PKK-ական եք, հեռացեք Թուրքիայից», -նշվել է Քիրաչին ուղղված հաղորդագրություններում:
Քիրաչը լրագրողներին հայտնել է, որ նման սպառնալիքներն իրեն ուղղվել են նաեւ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների շրջանում: Նա ասել է, որ այդ շրջանում այն տան պատին, որտեղ ապրում է, այնպիսի նշաններ են արվել, որոնք «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Սիրիայում անում է քրիստոնյաների տներին: Նրա խոսքով' անգամ իրեն հեռախոսազանգեր են հնչել, թե «նստիր տանդ, թե չէ գլուխդ կկտրենք»:
«Նման սպառնալիքներ արվել են նաեւ Ստամբուլի հայ բնակիչներին», -ասել է Քիրաչը' նշելով, որ թուրքիաբնակ հայերը մտահոգ են, եւ չգիտեն այդ հարցով ում դիմեն կամ ուր գնան:
Քիրաչը հիշեցրել է Հրանտ Դինքի սպանությանը նախորդած նման սպառնալիքները եւ նշել, որ չի ցանկանում, որ նման մի դեպք կրկնվի:
«HDP-ի գործիչը բնակվում է իր դստեր հետ եւ խիստ մտահոգված է նրա անվտանգությամբ», -գրել է թերթը: