Ջորջ Սորոսի հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում
ՌուսաստանԱմերիկացի ֆինանսիստ, բարեգործ Ջորջ Սորոսի ստեղծած բարեգործական հիմնադրամը կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Newsru.com-ը, պատճառն այն է, որ հիմնադրամը կարող է հայտնվել «Ոչ ցանկալի միջազգային ՀԿ-ներ»-ի ցանկում:
«Քաղաքացիական աջակցություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սվետլաննա Գաննուշկինան հայտարարել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային կազմակերպությունները լքում են ՌԴ-ն: ՌԴ հասարակական խորհրդի կազմած «հայրենասիրական ստոպ-ցանկ»-ի պատճառով իր գործունեությունը դադարեցրել է նաեւ ամերիկյան «Մակարտուր» բարեգործական հիմնադրամը: «Ես մտավախություն ունեմ, որ Սորոսի հիմնադրամը նույնպես կհեռանա Ռուսաստանից»,- ասել է իրավապաշտպանը' հավելելով, որ հիմնադրամն արդեն դադարեցրել է ռուսական ՀԿ-ներին տրամադրվելիք գրանտների տրամադրումը: