Շրջայց Կոտայքի մարզում
SocietyԱպրիլի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հերթական աշխատանքային այցով գտնվում էր Կոտայքի մարզում:
Շրջայցի ընթացքում ԱԻ նախարարը եղավ շուրջ մեկ տասնյակ տարբեր օբյեկտներում` Եղվարդի, Աբովյանի ու Հրազդան ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներ, Հայպետհիդրոմետի օդերևութաբանական կայաններ, Լուսակերտում փրկարարների նորակառույց ուսումնական կենտրոն և վարժահրապարակ, ինչպես նաև հրդեհային տեսչության ու տեխնիկական անվտանգության մարզային ստորաբաժանումներ:
Ամենուր Ա. Երիցյանը դիտարկում էր ԱԻՆ կառույցների զարգացման, տարբեր ծառայությունների միջև համագործակցության սերտացման ու փոխօգնության, տարածքների կառուցապատման ու առավել արդյունավետ օգտագործման տարբերակները:
Լուսակերտի վարժահրապարակին և ուսումնական կենտրոնին կից գտնվող շինություններից մեկը նախատեսվում է վերանորոգել ու դարձնել հյուրանոց` տեղում մարզումներ անցկացնող փրկարարների համար:
Նախարար Ա. Երիցյանն ԱԻՆ համապատասխան ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց նախապատրաստել առաջարկություններ` նախարարության ենթակայության տակ գտնվող մարզային տարածքների և շինությունների բարեկարգման ու առավել նպատակային կիրառման վերաբերյալ: