Անկարան Ռուսաստան է ուղարկել «Թուրքական հոսք»-ի համաձայնագրի նախագիծը
ԱշխարհԹուրքիան ռուսաստանյան կողմին է ուղարկել «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մասին համաձյանագրի նախագիծը, որը մեկ շաբաթ առաջ ստորագրության համար Թուրքիայի ղեկավարությանն էր ուղարկել ՌԴ վարչապխետ Դմիտրի Մեդվեդեւը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը' հղում կատարելով Թուրքայի էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի այդ առնչությամբ արած հայտարարությանը:
Թուրք նախարարը չի ճշտել գազատարի շինարարության գծով թուրքական առաջարկության մանրամասները: Յըլդըզը նշել է, որ վերջին 5-6 ամիսներին ռուսաստանյան գազի վաճառքը Թուրքիային 8 տոկոսով նվազել է:
Յըլդըզի խոսքով' ներկայում նա սպասում է ռուսաստանյան կողմի պատասխանին:
«Թուրքական հոսք» նախագծով նախատեսվում է Ռուսաստանից Սեւ ծովով հատակով Թուրքիա տարեկան մինչեւ 63 մլրդ խորանարդ մետր թողունակությամբ գազատարի շինարարություն:
Ենթադրվում է, որ գազատարը բաղկացած պետք է լինի յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ մետր թողունակությամբ 4 գծերից: Առաջին գծի գազն ամբողջությամբ նախատեսված է թուրքական շուկայի համար: Մնացած ծավալը պետք է դուրս բերվի թուրք-հունական սահման, որտեղ ծրագրվում է գազային հաբ (բախշիչ կայան) կառուցել:
Գազատարի շինարարությունը ծրագրվել էր սկսել հունիսին, բայց նախագիծը դեռեւս քննարկումների փուլում է:
«Թուրքական հոսք»-ը Անապայից պետք է անցնի Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիայի հետ Հունաստանի սահման, որտեղ ծրագրվում է ստեղծել գազային հաբ: Այդուհանդերձ, Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինան շրջանցելով գազատարի շինարարության մեջ իր հետաքրքրված չլինելու մասին: ԵՄ-ը նաեւ հայտարարել է «նախկին երթուղով եւ ներկայիս համաձայնությունների շրջանակում» Ռուսաստանից գազ ձեռք բերելու իր պատրաստակամության մասին: