Նոր Սահմանադրությունը պետք է ծառայի բոլորի շահերին. Արտակ Զաքարյան
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահ է, որ քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումներն ու նրանց մոտեցումները կարևոր են, որպեսզի Սահմանադրության նոր նախագիծը լինի լիարժեք: «Ժողովրդավարությունն անընդհատ պահանջում է խնամք, և որևէ մի երկիր չի կարող ասել, որ հասել է լիարժեք ժողովրդավարության, հետևաբար, իրավական, քաղաքական համակարգի հավասարակշռված կիրառումը պետական և հանրային կյանքում շատ կարևոր է, որ խոսենք ժողովրդավարական ինստիտուտների մասին»,- ասաց Զաքարյանը` հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ցանկացած տեսակետ պետք է լինի հիմնավորված:
««Այո»–ն էլ, «ոչ»-ն էլ ինքնանպատակ լինել չեն կարող: Սա մի գործընթաց է, որ ամեն տարի չես իրականացնի: Ե՛վ «ոչ»-ի տանիքի տակ, և՛ «այո»-ի պետք է լինեն հիմնավորումներ: Առողջ հիմնավորումներով «ոչ» ասողներին, մենք շատ ուշադիր լսում ենք, նրանից որոշների հիմնավորումները հաշվի են առնված»,- ասաց նա և նշեց, որ կան նաև հայտարարություններ, որտեղ քաղաքական հիմնավորումներ չկան և արտահայտվում են զուտ որպես «կապրիզ»:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձաժողովի տեսակետներին, պատգամավորն ասաց, որ օտարերկրյա մասնագետների առաջարկություններում կան կետեր, որոնք չեն համապատասխանում երկրի ազգային մտածողությանը, ինչը, բնականաբար, չի կարող ընդունվել: Զաքարյանն ասաց, որ շուտով խորհրդարանում նույնպես կսկսվեն Սահմանադրության նախագծի վերաբերյալ քննարկումները, որտեղ նույնպես պետք է հնչեն քաղաքական առաջարկություններ, իրավական ձեւակերպումներ: Ըստ Զաքարյանի` այս ամենը պետք է բերի նրան, որ արդյունքում հանրաքվեի դրվի նախագծի լավագույն տարբերակը: «Նոր Սահմանադրությունը պետք է ծառայի բոլորի շահերին եւ համաժողովրդականություն ստանա: Ես նկատում եմ, որ այս Սահմանադրության առնչությամբ քննարկումները, հետաքրքրությունն ու մեկնաբանություններն ավելի շատ են, քան նախորդ բարեփոխումների ժամանակ»,- ասաց Զաքարյանը' հավելելով, որ սա փաստում է, որ այժմ պետական մտածողությունն ավելի բարձր հիմքերի վրա է: