Իոսիֆ Կոբզոնն առաջարկել է դադարեցնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
ԱյլՌուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնն առաջարկում է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Կոբզոնը հայտարարել է Նորությունների ռուսական ծառայության եթերում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:
«Նրանք Մատվիենկոյին վիզա չեն տվել: Բացի այն, որ նա Դաշնային խորհրդի նախագահն է, նա նաև կին է: Նրանք ինչ-որ պատժամիջոցներ են կիրառում: Ես կդադարեցնեի դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որ նրանք հասկանային, որ չի կարելի մեզ հետ այդպես վարվել, չի կարելի Ռուսաստանի հետ կատակել: Ռուսաստանն ունի ազատ ժողովուրդ, որը սիրում է իր երկիրը, ուստի, ես որևէ մեկին խորհուրդ չեմ տա կատակ անել մեզ հետ»,- հայտարարել է Կոբզոնը: